Wy/hy/Ֆրանսիա

From Wikimedia Incubator
< Wy‎ | hy
Wy > hy > Ֆրանսիա


Ֆրանսիա
noframe
France
noframe
տեղեկություններ
բնակչություն 66,200,000 մարդ
տարածք 674,843 կմ²
տարադրամ Եվրո (€)
հեռախոսի կոդ +33
ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
noframe

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française), (հայտնի նաև որպես Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ², զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ² / 4,383,000 ք մղոն)։

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը, ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում):

Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում։

Ֆրանսիան հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ, նաև Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ՀԱԿ և Լատինական միության անդամ։

Երկրամասեր[edit | edit source]

Ֆրանսիայի վարչական բաժանում
Իլ դը Ֆրանս
Կենտրոնական մարզը: Այստեղ է գտնվում մայրաքաղաք Փարիզը
Հյուսիսային Ֆրանսիա (Պա դը Կալե, Պիկարդիա, Նորմանդիա)
Մարզ, որը եղել է Երկրորդ աշխարհամարտում Ֆրանսիայի կենտրոններից մեկը.
Հյուսիսարևելյան Ֆրանսիա (Լորայինե, Ֆրանչե Կամտե)
Եվրոպական մշակույթի բնօրրաններից մեկը և Ֆրանսիայի մշակութային կենտրոնը
Մեծ Արևելք (Բրթանի, Պաս դե լա Լոյրե)
Ագրոմ-շակութային կենտրոնը և կաթոլիկների բնակավայրը
Կենտրոնական Ֆրանսիա (Դոլին Լուարի, Բուրգունդիա)
Հայտնի է իր պատմական քաղաքներով: Այստեղ են տեղակայված Ֆրանսիայի հիմնական ներքին ջրերը
Հարավարևմտյան Ֆրանսիա (Աքվիտանիա)
Հայտնի է իր Ատլանտյան օվկիանոսի վրա գտնվող նավահանգստներով և ծովափերով:
Հարավարևելյան Ֆրանսիա (Ռոն Ալպ)
Այստեղ են գտնվում Ալպյան լեռների ֆրանսիական մասը: Այն այս երկրամասը դարձնում է առավել զբոսաշրջային:

Անդրծովյան դեպարտամենտներ և տարածքներ[edit | edit source]

Ֆրանսիան ունի նաև անդրծովյան դեպարտամենտներ, որոնք երկրին են պատկանել Նապոլեոնի նվաճումների դարաշրջանից ի վեր: Ֆրանսիայի 101 դեպարտամենտներից հինգը անդրծովային են (Ֆրանսիական Գվիանա, Գվադելուպա, Մարտինիկա, Մայոտա և Ռեյունյոն), որոնք հանդիսանում են Եվրոպական միության և Ֆրանսիայի մաս։

Բացի 27 երկրամասերից և 101 դեպարտամենտներից Ֆիանսիան ունի նաև հինգ համայնքներ (Ֆրանսիական Պոլինեզիա, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի, Սեն Մարտեն, Սենտ Պիեռ և Միքելոն և Ուոլիս և Ֆոտունա), մեկ sui generis համայնք (Նոր Կալեդոնիա), մեկ անդրծովյան տարածք (Ֆրանսիական հարավային և անտարկտիկ տարածքներ) և Խաղաղ օվկիանոսում տեղակայված մեկ կղզի (Քլիփերթոն).

Զբոսաշրջային տվյալներ[edit | edit source]

Պոուլան սյուր Մեր
Ռաս դը Սեյն
Բար սյու Աուբե

Ամեն տարի Ֆրանսիա է այցելում ավելի քան 84,7 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ: 2013 թվականին Ֆրանսիան ճանաչվել է աշխարհի առավել սիրված զբոսաշրջային պետությունը: Ֆրանսիան ներկայումս աշխարհի ամենազբոսաշրջային պետությունն է աշխարհում:

Այս ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսպանիան, Չինաստանը և Իտալիան:

Ֆրանսիայի տարածքում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի 37 «անդամներ»: Այդ թվում նաև համաշխարհային զբոսաշրջային նշանակության քաղաքներ (Փարիզ, Թուլուզ, Ստրասբուրգ, Բորդո, Լիոն և այլն): Ֆրանսիան նաև հայտնի է իր ծովափնյա հանգստավայրերով, լեռնադահուկային հանգստավայրերով և հիասքանչ գյուղական բնակավայրերով:

1982 թվականին ստեղծվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը ֆրանսիական միավորում, որի նպատակը հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ֆրանսիական փոքրիկ և գեղատելիս գյուղերում զբոսաշրջության խթանումն է։

2015 թվականի մարտի 1-ի դրությամբ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» ցանկում ներառված է 156 ֆրանսիական գյուղ։

Ֆրանսիայի հաջորդ հայտնի միավորումը «Հիասքանչ այգիների» հանրահայտ զբոսաշրջային միավորումն է՝ իր ավելի քան 200 այգիներով: «Հիասքանչ այգիների» ստեղծման նպատակն ուշագրավ պարտեզների և այգիների պաշտպանությունն է:

2012 թվականի տվյալներով Ֆրանսիան ճանապարհորդության և զբոսաշրջության հաշվին հարստացել է 77.7 միլիարդ եվրոյով, և երկրի ՀՆԱ-ի բաժինը ավելացել է 30 %-ով:

Փարիզ[edit | edit source]

Փարիզը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը, խոշորագույն քաղաքը և զբոսաշրջային ամենամեծ կենտրոնն է: Համարվում է աշխարհի երրորդ ամենազբոսաշրջային քաղաքը` Լոնդոնից (Մեծ Բրիտանիա) և Նյու Յորքից (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետո:

Փարիզից հետո, մյուս խոշոր զբոսաշրջային քաղաքներն են Սեուլը, Սինգապուրը, Բարսելոնան, Դուբայը, Ստամբուլը և այլն:

2013 թվականի տվյալներով՝ Փարիզ է այցելել մոտ 15,6 միլիոն միջազգային այցելու: Այցելուների հիմնական մասը ժամանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Նույն թվականի տվյալներով, Փարիզ քաղաքը և շրջակա գյուղական և քաղաքային բնակավայրերը, որոնք միավորված են Իլ դը Ֆրանս երկրամասի մեջ ընդունել են ֆանտաստիկ թվով՝ 32.3 մլն այցելու:

Փարիզը համարվում է նաև տարածաշրջանի երկրորդ ամենախոշոր զբոսաշրջային կենտրոնը (Լոնդոնից հետո): Փարիզի այցելուների հիմնական մասը Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իտալիայից և Չինաստանից են:

Էյֆելյան աշտարակ[edit | edit source]

Էյֆելյան աշտարակ

Փարիզի ամենանշանավոր կառույցը Էյֆելյան աշտարակն է, որն էլ իր հերթին համարվում է աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող կառույցը[9]: Այս աշտարակը դարձել է Փարիզ քաղաքի խորհրդանիշը, և զբոսաշրջիկների մեծ մասը այս քաղաք են ժամանում կառույցը տեսնելու նպատակով:

Այն անվանվել է ի պատիվ աշտարակի գլխավոր ճարտարապետ Գուստավ Էյֆելի: Էյֆելի կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը[10]։

Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը և աշխարհի ամենաշատ ճանաչված կառույցներից մեկը։

2010 թվականին աշտարակն ընդունել է ռեկորդային թվով՝ 250 միլիոն այցելուներ և դարձել աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող կառույցն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում:

Էյֆելյան աշտարակի երկրորդ դիտակետը, որն ունի 276 մետր բարձրություն, համարվում է Եվրոպական Միության ամենաբարձր դիտակետը, որը ստեղծվել է արհեստական ճանապարհով:

Էյֆելյան աշտարակի շերտավորված մետաղային կառուցվածքը կշռում է մոտ 7300 տոննա: Սական ամբողջ շինությունը (մետաղական կառուցվածքները ներառյալ) կշռում է մոտավորապես 10000 տոննա։

Եթե այդ ամբողջ 7300 տոննա մետաղը հալեցվեր, ապա դրանով կլցվեր մի ամբողջ ծավալ՝ 125 քմ մակերեսով և 6,25 սմ (2,5 դյույմ) խորությամբ, հասցնելով նրա խտությունը մինչև 7,8 տ/մ³: Շրջակա միջավայրի ջերմաստիճանից կախված՝ աշտարակի՝ դեպի արևն ընկնող գագաթը կարող է բարձրանալ մինչև 18 սմ-ով (7,1 դյույմ)՝ ջերմային ընդարձակմամբ բացատրված։

Աշտարակն ունի երկու ռեստորան՝ «Le 58 tour Eiffel»-ը, որը գտնվում է առաջին հարկում և «Le Jules Verne-ն»՝ տեղակայված երկրորդ հարկում, որն իրենից ներկայացնում է հատուկ գուրմանների ռեստորան և ունի առանձին վերելակ։

Թանգարաններ[edit | edit source]

Փարիզը աշխարհի խոշորագույն և ճանաչված թանգարանների կենտրոնն է: Փարիզում է գտնվում աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող արվեստի թանգարանը` Լուվրը:

Ամեն տարի Լուվր է այցելում ավելի քան 8,5 միլիոն մարդ տարբեր երկրներից, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Հունաստանից, Իրանից և այլ երկրներից:

Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Զբոսաշրջիկներին գրավում է այն հանգամանքը, որ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով համարվում է Փարիզ քաղաքի ամենամեծ թանգարանը:

Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։

Փարիզում տեղակայված են ավելի քան 120 խոշոր թանգարաններ: Բացի Լուվրի թանգարանից արվեստի թանգարաններից հայտնի է նաև Պիկասոյի թանգարանը:

Այս թանգարանը գտնվում է Փարիզի կենտրոնական արվարձաններում` Սալե դղյակում: 1962 թվականին դղյակն անցել է քաղաքապետարանի ենթակայության տակ։ Վերակառուցման աշխատանքները շարունակվեցին 3 տարի։ Պիկասոյի թանգարանը բացվեց 1985 թվականին։ Արվեստի նմուշները նվիրված են Միջնադարյան Ֆրանսիային:

Խոշոր թանգարաններ են նաև Ժամանակակից արվեստի և Ժամանակակից արվեստի պետական թանգարանները:

Երկու թանգարաններն էլ նվիրված են արվեստին: Նշված թանգարաններից առաջինը բացվել է 1961 թվականին, սակայն այն վերաբացվել է 2006 թվականի փետրվարի 2-ին:

Պոմպիդու կենտրոնում տեղակայված է նաև պետական հովանավորության տակ գտնվող Ժամանակակից արվեստի պետական թանգարանը:

Փարիզի 16-րդ թաղամասի Վոդ փողոցում գտնվում է Արևմտյան Եվրոպայի գինեգործության պատմության թանգարանը: Թանգարանն ստեղծվել է գինեգործական ավանդույթների և գինու որակի ստանդարտի պահպանման նկատառումով։ Փարիզում կա նաև կոնյակի թանգարան:

19-րդ դարի եվրոպական արվեստը ներկայացված է Օրսե թանգարանում:

Բացի ֆրանսիական, եվրոպական և պատմական թեմատիկ թանգարաններից, հայկական համայնքի հովանավորության ներքո գտնվում է նաև Ֆրանսիայի հայկական թանգարանը, որը իր բնույթով մասնավոր թանգարան է:

Թանգարանը հիմնվել է 1949 թվականին Նուրհան Ֆրինգյանի կողմից` պահպանելու հայ ժողովրդի մշակութային հասրտությունը և հիշողությունը սփյուռքում։

Լեզուներ[edit | edit source]

Ըստ Ֆրանսիայի սահմանադրության 2-րդ հոդվածի՝ Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է[191], որը Ռոմանական լեզու է և առաջացել է լատիներենից։ 1635-ից Ֆրանսիայի ակադեմիային է պատկանում ֆրանսերենի օգտագործման, ոճի, քերականության հեղինակային իրավունքները, չնայած դա օրենքով ամրագրված չէ։

Ֆրանսիայի կառավարությունը չի պահանջում, որ հրատարակվեն միայն ֆրանսերեն լեզվով գործեր, բայց պահանջում է, որ միայն ֆրանսերենն օգտագործվի առևտրային և կապի ոլորտներում։ Երկրի տարածքում ֆրանսերենի պարտադիր օգտագործմանը համատեղ Ֆրանսիայի կառավարությունը փորձում է ֆրանսերենը տարածել նաև Եվրոպական միությունում։ Անգլիականացման դեմ պայքարը ստիպեց Ֆրանսիային ուժեղացնել ֆրանսերենի տարածումը երկրի ներսում։ Բացի ֆրանսերենից Ֆրանսիայի տարածքում խոսում են նաև 77 այլ փոքրամասնությունների լեզուներով, որից 8-ը մայրցամաքային Ֆրանսիայում և 69 անդրծովյան տարածքներում։

17-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը ֆրանսերենը համարվում էր դիվանագիտության և միջազգային փոխհարաբերությունների հիմնական լեզուն, ինչպես նաև Եվրոպայի վերնախավի լեզուն։ Միայն վերջերս ֆրանսերենը հանձնեց իր գերիշխող դիրքը անգլերենին, քանի որ ԱՄՆ-ն դարձավ գերտերություն:

Ֆրանսիայի վարած գաղութարարական քաղաքականության արդյունքում 17-րդից 20-րդ դարերում, ֆրանսերենը տարածվեց Ամերիկայում, Աֆրիկայում, Պոլինեզիայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Կարիբյան ծոցում։ Ֆրանսերենը երկրորդ ամենաուսանվող լեզուն է անգլերենից հետո, և խոսում են շատ երկրներում, հատկապես Աֆրիկայում։ Ֆրանսերենը Եվրոպայի սահմաններից դուրս խառնվել է այլ լեզուներին, որոշ անդրծովյան տարածքների լեզուներ առաջացել են ֆրանսերենից։ Մյուս կողմից որոշ գաղութներ ընդունել են ֆրանսերենը՝ որպես պաշտոնական լեզու, և ֆրանսախոս բնակչության թիվը գնալով աճում է, հատկապես Աֆրիկայում։

Գնահատվում է, որ մոտ 300 միլիոն մարդ և 500 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կարողանում է խոսել ֆրանսերեն համապատասխանաբար որպես մայրենի լեզու և երկրորդ լեզու։

Մշակույթ[edit | edit source]

Բաստիլ
Ամիենս

Ֆրանսիան դարեր շարունակ եղել է համաշխարհային մշակութային կենտրոն։ Շատ ֆրանսիացի նկարիչներ եղել են ամնեհայտնին իրենց ժամանակաշրջանում, մինչ այժմ Ֆրանսիան համարվում է համաշխարհային մշակութային կենտրոններից մեկը։

Շարունակական քաղաքական ռեժիմները նպաստել են երկրում մշակույթի զարգացմանը, իսկ Մշակույթի նախարարությունը, որը ստեղծվեց 1959 օգնեց պահպանել և հանրությանը հանձնել մշակութային ահռելի ժառանգությունը։ Մշակույթի նախարարությունը իր ստեղծման օրվանից շատ ակտիվ է եղել, սուբսիդիաներ տրամադրելով արվեստագետներին, ներկայացնելով Ֆրանսիական մշակույթը ամբողջ աշխարհով, կազմակերպելով հատուկ մշակութային միջոցառումներ, զբաղվելով մշակութային օբեկտների և պատմական հուշարձանների պահպանությամբ և այլն։

Ֆրանսիան առաջին տուրիսական երկիրն է հիմնականում ի հաշիվ մշակութային օբեկտների բազմազանության, որոնք սփռված են ամբողջ երկրով։ Հաշվում են մոտ 1.200 թանգարան, որոնք ունենում են մոտ 50 միլիոն հաճախորդ տարեկան։

Խոհանոց[edit | edit source]

Ֆրանսիական խոհանոցը հայտնի է որպես լավագույներից մեկը աշխարհում։ Ֆրանսիական խոհանոցը շատ բազմազան է և մեծ ազդեցություն է ունեցել արևմտյան այլ խոհանոցների վրա։ Տարբեր տարածաշրջաններում ուտեստների բաղադրատոմսերը տարբեր են, օրինակ հյուսիսում ուտեստ պատրաստելուց նախընտրում են յուղը ճարպի փոխարեն, իսկ հարավում նախընտրում են ձիթապտղի յուղը։

Բացի այդ ամեն տարածաշրջան ունի իր հայտնի ուտեստը. Կասուլեն հարավ արևմուտքում, Շուկրուտը Էլզասում, Կիշը Լոթարինգիայում, Բիոֆ Բուգինյոնը Բուրգունդիայում և այլն։ Ֆրանսիայի ամենահայտնի մթերքը գինին է, ներառյալ շամպայնը, Բորդո գինին, Բուրգունդյան գինին և Բոժոլե գինին, ինչպես նաև պանիրը, ինչպիսիք են Կամամբերը, Ռոկֆորը և Բրին։ Կան մոտ 400 տեսակ պանիրներ։

Ֆրանսիական խոհանոց նաև որոշիչ դեր է խաղում տուրիստների գայթակղման հարցում։ Ֆրանսիական ռեստորանները հանրահայտ Միշլենի կողմից 2006-ին պարգևատրվել են 620 աստղով, ավել շատ քան որևէ այլ երկիր մինչ այդ (2010-ին Ճապոնիան նույքնան աստղ է ստացել, սակայն Միշլենի ստուգող անձնակազմի մոտ կեսն էր ժամանել)։

43.180 կառույցներ պետականորեն պաշտպանվում են կառավարության կողմից, որոնք հիմնականում ամրոցներ են, տաճարներ, այգիներ և այլն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգության օբեկտ է ճանաչվել 37 օբեկտ։

Պատմություն[edit | edit source]

Ֆրանսիան տեղակայված լինելով Արևմտյան Եվրոպայում, ունեցել է փառահեղ մշակույթ, որը բնութագրվել է անկումներով և վերելքներով:

Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.8 միլիոն տարի առաջ։ Ֆրանսիայի տարածքում հաստատված առաջին հայտնի ցեղերից էին կելտերը, որոնք հաստատվեցին Ֆրանսիայում մ․թ․ա․ 1-ին հազարամյակի վերջին։ Այս ցեղերին հռոմեացիները սկսեցին անվանել գալլեր։ Այդ իսկ պատճառով նոր բնակեցված տարածքը սկսեց անվանվել Գալիա։

Մ.թ.ա. 125 թվականներին Գալիայի տարածքը նվաճվեց հռոմեացիների կողմից։ Հռոմեական ծանր հարկերը առիթ են ծառայել տեղական բնակչության մի շարք ապստամբությունների (մ․թ․ա․ 12–51, մ․ թ․ 21, 69–70)։ 2-4-րդ դարերում տարածվել է քրիստոնեությունը։ 3-4-րդ դարում Գալիան նվաճել են գերմանական ցեղերը` վեստգոթեր, բուրգունդներ, ֆրանկներ)։ 4-րդ դարի կեսին Ֆրանսիայի ամբողջ տարածքը եղել է Ֆրանկական պետության մեջ։

Ժողովուրդների Մեծ գաղթի դարաշրջանում Գալիան ենթարկվեց բարբարոսական ցեղերի արշավանքներին։ Երկրում հաստատվեց բարբարոսների կառավարությունը։ 274 թվականին Շալոնի ճակատամարտում Գալիան նորից կցվեց Հռոմեական Կայսրությանը։

Ֆրանսիայի պատմության Հին շրջանը ավարտվում է հենց այս իրադարձություններով` Հռոմեական նվաճումների ավարտով։ 5-րդ դարում կազմավորված Ֆրանկական թագավորությունը իր մեջ ներառում էր նախկին Հռոմեական Գալիայի պրովինցիան և այլ ենթակա տարածքներ, սակայն 6-րդ դարում արդեն երկիրը կառավարող Մերովիկինգների դինաստիան կտրուկ թուլացավ։

Մերովիկինգների դինաստիայի վերջին թագավորները պահում էին միայն թագավորի տիտղոսը, սակայն իշխանության իրավունք չունեին։ Երկրի թուլացմանը նպաստեց նաև արաբների ի հայտ գալը։ Շուտով արաբները նվաճեցին Պիրենեյան թերակղզին և շարժվեցին արևմուտք` դեպի Հարավային Գալիա։ 732 թվականին ֆրանկների առաջնորդ Կառլոս Մարտելը Պուատիեյի ճակատամարտում կրեց վճռական հաղթանակ և արաբներին դուրս հանեց Գալիայի տարածքից։ 751 թվականին Հռոմի մայորդում Պիպին Կարճահասակը հոր մահից հետո իրեն հռչակեց Ֆրանկական պետության թագավոր։

Պիպինը վերջ տվեց Մերովիկինգների դինաստիայի գոյությանը և սկիզբ դրեց նոր դինաստիայի, որի իր հաջորդի անունով կոչվում է Կարոլիկինգների թագավորական դինաստիա։

8-9-րդ դարերում Ֆրանկական պետության տարածքը ենթարկվեց վարչատարածքային բաժանման և երկրում հաստատվեցին ավատատիրական կարգեր։ Արդյունքում Նեյստրիա, Բուրգունդիա, Աքվիտանիա մարզերը իրենց հռչակեոցին Ֆրանկական պետության կենտրոնական կառավարությունից անկախ։